Մասնակցային բյուջետավորումը (ՄԲ) հանրային քննարկման և որոշումների կայացման գործընթաց է, որը օգնում է մարդկանց որոշել, ինչպես օգտագործել համայնքային կամ պետական բյուջեի մի մասը: Այն մասնակցային ժողովրդավարության մի գործիք է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս համագործակցել տեղական կամ պետական կառավարման մարմինների հետ, մասնակցել հանրային ռեսուրսների բաշխման և բյուջետային գործընթացներում կայացվող որոշումներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն իրենց կյանքի որակի վրա:
Մասնակցային բյուջետավորման առաջին գործընթացները սկսվել են 1980-ականներին Բրազիլիայում, որտեղ մի քանի փորձարկումներից հետո, մեթոդը իր առաջին լիարժեք և արդյունավետ կիրառումը գտավ 1989թ. Պորտո Ալեգրե քաղաքում, որը Ռիո Գրանդե դե Սուլ նահանգի մայրաքաղաքն էր՝ շուրջ 1.2 միլիոն բնակչությամբ: Պորտո Ալեգրեի հաջողությունը «վարակիչ» դարձավ ոչ միայն Բրազիլիայի քաղաքների, այլ նաև մյուս երկրների համար և ներկայումս հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ, Եվրոպայի, Աֆրիկայի և այլ երկրների մեծ ու փոքր քաղաքներում: