ՄԲ գործընթացի արդյունավետությունը անմիջականորեն պայմանավորված է գործընթացի մասնակիցների և դերակատարների համագործակցության և համատեղ գործելու կամքի առկայությամբ: Մասնակիցներից յուրաքանչյուրի դերակատարումը կարևոր և էական ազդեցություն ունի ՄԲ գործընթացի անխափան ընթացքը ապահովելու գործում: Ստորև ներկայացված են ՄԲ գործընթացի մասնակիցները և նրանց գործառույթները՝
Համայնքի ավագանի
Համայնքի ավագանին թերևս ամենակարևոր դերակատարներից մեկն է, քանի որ ավագանին է որոշում համայնքի բյուջեի ֆինանսական միջոցների այն չափաբաժինը, որի շրջանակներում պետք է իրականացվեն ՄԲ գործընթացի արդյունքում մշակված ծրագրերը: Ավագանին է նաև վերահսկում հատկացված բյուջետային միջոցների ծախսումները և ստացված արդյունքները:
Համայնքի ղեկավար և աշխատակազմ
ՄԲ գործընթացը ՏԻՄ-երի կողմից այն նախաձեռնելու դեպքում համայնքի ղեկավարը և աշխատակազմը հանդիսանում են ՄԲ հիմնական իրականացնողները: Համայնքի ղեկավարը ի պաշտոնե հանդիսանում է ԿՀ նախագահը և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները: Համայնքի աշխատակազմը իրականացնում է նաև բնակիչների կողմից ԿՀ ներկայացված ծրագրերի ուսումնասիրությունը և դրանց համապատասխանությունը հաստատված կանոններին: Համայնքի ղեկավարը պատասխանատու է ծրագրերի քվեարկությունը հավուր պատշաճի կազմակերպելու գործընթացի համար:
ՄԲ իրականացնողը
ՄԲ գործընթացը կարող են նախաձեռնել և իրականացնել ինչպես ՏԻՄ-երը, այնպես էլ ՔՀԿ-երը, ՔԽ-երը, ՀԱԽ-երը և այլ բնակիչների կողմից ձևավորված ոչ ֆորմալ խմբերը: ՄԲ իրականացնողի առաջնային գործառույթներից է ապահովել փոխհամագործակցությունը ՄԲ դերակատարների միջև և նրանց ներգրավվածությունը գործընթացի իրականացման բոլոր փուլերում: ՄԲ իրականացնողը գործընթացը կազմակերպում է այնպես, որպեսզի պահպանվեն ՄԲ մեթոդաբանությամբ սահմանված ընթացակարգերը և կանոնները:
Կանոնակարգող հանձնաժողովը
Կանոնակարգող հանձնաժողովը գործառույթները ուղղված են ՄԲ գործընթացի իրավական, մասնագիտական կարգավորմանը և որոշակի կանոնների սահմանմանը, որի շրջանակներում պետք է իրականացվի ՄԲ-ը: ԿՀ-ի աշխատանքները համակարգվում են իր կողմից ընդունված աշխատակարգի միջոցով։ ԿՀ հաստատում է հանձնաժողովին ներկայացվող ծրագրերի ձևաչափը, ծրագրերի քվեարկության կարգը: Հանձնաժողովը համայնքի աշխատակազմի ներգրավմամբ դիտարկում է բնակիչների կողմից ներկայացված ծրագրերը, գնահատում դրանց արդիականությունը, իրագործելիությունը:
Բնակիչները և ակտիվ խմբերը
Համայնքի բնակիչները միաժամանակ հանդիսանում են թե՛ ՄԲ գործընթացի շահառուները և թե՛ դրա ակտիվ դերակատարները: Բնակիչների և համայնքային ակտիվ խմբերի ներկայացուցիչները առաջադրում են համայնքային խնդիրները, որոշում դրանց առաջնահերթությունները, կազմում ծրագրերը և քվեարկում այդ ծրագրերի օգտին: ՄԲ-ը լինելով քաղաքական գործընթաց, հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին ինքնուրույն որոշել, թե ինչ խնդիրների լուծմանը պետք է հատկացվեն որոշակի բյուջետային միջոցները: