Չնայած այն հանգամանքին, որ աշխարհի տարբեր երկրներում ՄԲ գործիքակազմի կիրառումը կարող է տարբեր ընթացք ունենալ, այնուամենայնիվ գործընթացի մասնակիցները, նրանց հիմնական քայլերը իրենց բովանդակությամբ և իմաստով էապես չեն տարբերվում միմյանցից:
Այս առումով գործողություններ պետք է կատարվեն արդյունքներ ստանալու և նախատեսված նպատակներին հասնելու համար: Շատ կարևոր է յուրաքանչյուր փուլում ապահովել հստակ և անմիջական կապը իրականացվող գործողությունների ու սպասվելիք արդյունքների միջև:
Փուլ 1. Նախապատրաստական աշխատանքներ
Այս փուլում ՄԲ իրականացնողը պլանավորում է թե ինչ վարչատարածքային կամ տարածքային միավորների մակարդակում է նախատեսում իրականացնել ՄԲ-ը, ընտրվում են բնակավայրերը, համայնքը կամ միջհամայնքային միավորումը, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործընթացը: Խոշոր վարչատարածքային կամ տարածքային միավորների դեպքում, դրանք կարող են պայմանականորեն բաժանվել գոտիների և ՄԲ գործընթացում ներգրավել համայնքի կամ բնակավայրի որևէ գոտու բնակիչներին: Համայնքի ավագանու որոշմամբ սահմանվում է համայնքի ֆինանսական միջոցների այն չափաբաժինը, որը նախատեսվում է ուղղել ՄԲ գործընթացի արդյունքում մշակված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը:
Փուլ 2. Տեղեկատվական հանդիպումներ
Երկրորդ փուլում ՄԲ իրականացնողը կազմակերպում է տեղեկատվական հանդիպումներ ՄԲ գործընթացում ընդգրկված վարչատարածքային կամ տարածքային միավորների բնակիչների հետ՝ ներկայացնելու ՄԲ նպատակները, գործընթացը, ժամանակացույցը և սպասվելիք արդյունքները: Բնակիչների կողմից խնդիրները ճիշտ ձևակերպելու նպատակով, նրանց են ներկայացվում նաև ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակներում գտնվող ոլորտները, ծրագրերի ֆինանսավորման հաստատված չափաբաժինը, ԿՀ-ի գործառույթները, ծրագրերի ձևաչափը և բոլոր ընթացակարգերը, որոնք պետք է կիրառվեն ՄԲ գործընթացում: Այս հանդիպումները էական նշանակություն ունեն և անհրաժեշտ է, որպեսզի բնակիչները ամբողջական և հստակ պատկերացում ունենան ՄԲ գործընթացի և դրանում ընդգրկված մասնակիցներից յուրաքանչյուրի գործառույթների մասին:
Փուլ 3. Խնդիրների վերհանում և ձևակերպում
Սա թերևս ՄԲ-ան գործընթացի ամենակարևոր և մասնակցային փուլն է, որն իրականացվում է հանրային հանդիպումների և քննարկումների միջոցով: Նպատակ ունենալով ապահովել հնարավորինս մեծ թվով բնակիչների ներգրավումը այս փուլում՝ հանրային քննարկումների կազմակերպման վայրը, տեսակը, եղանակը և ձևաչափը ընտրում է ՄԲ իրականացնողը: Քննարկումների լավագույն արդյունքը ապահովելու համար ցանկալի է, որպեսզի քննարկումը վարի անկողմնակալ և տվյալ համայնքին կամ բնակավայրին առնչություն չունեցող որևէ անձ (ֆասիլիտատոր), ով սակայն պետք է տիրապետի հանրային քննարկումների այն ձևաչափին, որը ընտրվել է այս գործընթացի համար: Երրորդ փուլը բաղկացած է 2 հիմնական մասերից՝ 1. Համայնքի կամ բնակավայրի խնդիրների վերհանում և 2. Խնդիրների ձևակերպումը որպես ծրագրային առաջարկ՝ հաստատված ձևաչափի համաձայն:
1. Համայնքի կամ բնակավայրի խնդիրների վերհանում՝
բնակիչները քննարկում և մտագրոհի միջոցով ներկայացնում են իրենց հուզող համայնքային խնդիրները: Ներկայացված բոլոր խնդիրները արձանագրվում են, որից հետո բնակիչները օգտագործելով սահմանված չափանիշները, գնահատում են բարձրացված խնդիրների առաջնահերթությունները : Այնուհետև, առաջնահերթության բարձր գնահատական ունեցող խնդիրները (նվազագույնը 3 խնդիր) և դրանց լուծման մասին գաղափարները ձևակերպվում են որպես ծրագրային առաջարկներ՝ ըստ հաստատված ձևաչափի:
2. Խնդիրների ձևակերպումը որպես ծրագրային առաջարկ՝
Խնդիրների և դրանց լուծման գաղափարների ձևակերպումը որպես ծրագրային առաջարկ իրականացվում է բնակիչների կամ բնակիչների առավել ակտիվ ներկայացուցիչներից ձևավորված համայնքային ակտիվ խմբի (ՀԱԽ) կողմից: Ծրագրային ձևաչափին համապատասխան ծրագիր կազմելիս բնակիչները որոշակի աջակցության կամ ուղեցույցի կարիք կարող են ունենալ, ինչը պետք է ապահովի ՄԲ նախաձեռնողը՝ համայնքապետարանի աշխատակիցների կամ հրավիրված փորձագետների միջոցով: Մշակված ծրագրերը ներկայացվում են ԿՀ դիտարկմանը, որը հաստատում է ներկայացված ծրագրերը, իսկ թերություններ և անճշտություններ հայտնաբերելիս վերադարձնում է ներկայացնողին դրանք ուղղելու համար:
Փուլ 4. Ծրագրի ընտրությունը
Նախորդ երեք փուլերի արդյունքում մշակված ծրագրերը, համայնքի բնակիչների կողմից առավելագույն հավանության արժանացած ծրագիրը ընտրելու նպատակով, դրվում են քվեարկության ԿՀ կողմից հաստատված կարգի համաձայն: Նախքան դրանք քվեարկության դնելը, համայնքի բնակիչները կամ բնակիչների խմբերը, իրենց նախընտրած ծրագրերի օգտին քվեարկելու նպատակով բնակչության շրջանում կարող են իրականացնել քարոզչություն: Բնակիչները կարող են քարոզչություն իրականացնել հանդիպումների, պաստառների, բուկլետների և ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության հնարավորությունների միջոցով, որն ավարտվում է ԿՀ կողմից սահմանված քվեարկության օրը: Քվեարկության կարող են մասնակցել միայն տվյալ բնակավայրի և/կամ համայնքի քվեարկության օրվա դրությամբ 16 տարին լրացած անձիք : Քվեարկությունը կարող է անցկացվել բաց կամ փակ եղանակով, որը որոշվում է ԿՀ և բնակչության համատեղ քննարկումների արդյունքում: Քվեարկության վայրի ընտրությունը, անհրաժեշտ պարագաներով ապահովելը և գործընթացը կազմակերպում է համայնքապետարանը: Քվեարկության են դրվում բոլոր մշակված ծրագրերը և քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն հավաքած ծրագիրը ներկայացվում է համայնքապետարան ֆինանսավորման: