Հանրային բնույթի ծառայություններն այն միջոցառումներն են, որոնք երկրի կառավարությունն իրականացնում է ուղղակիորեն կամ իր կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների միջոցով՝ իր իրավասության տակ գտնվող հարցերում հանրության պահանջմունքները բավարարելու նպատակով։ Հանրային բնույթի ծառայությունների այն տեսակները, որոնց մատուցման կազմակերպումը օրենքով վերապահված է ՏԻՄ-երին, անվանում են համայնքային ծառայություններ։ Ուստի, համայնքային ծառայությունների պատշաճ մատուցման կազմակերպումը հանդիսանում է ՏԻՄ-երի հիմնական խնդիրներից մեկը։ Քանի որ պետությունում հանրային կառավարումը հաճախ բազմաստիճան է, հարց է ծագում, թե հանրային կառավարման ո՞ր մակարդակում պետք է մատուցվեն հանրային բնույթի ծառայությունների առանձին տեսակները։ Մասնավորապես, որո՞նք են համայնքներին բնորոշ հանրային ծառայությունների տեսակները։ Այս հարցին միանշանակ պատասխան չկա, սակայն կարող ենք փաստել, որ յուրաքանչյուր հանրային ծառայություն պետք է կազմակերպվի և մատուցվի իշխանության այն մարմնի կողմից, որն իրավասու է վերահսկելու հնարավորինս փոքր աշխարհագրական տարածք, որի շրջանակներում էլ ներփակված են այդ ծառայության մատուցման օգուտներն ու արժեքը։

Յուրաքանչյուր տարի բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների առաջնահերթությունների որոշումը յուրաքանչյուր համայնքի ՏԻՄ-եր կարող են յուրովի կայացնել` ելնելով համայնքի բնակչության կարիքներից և պահանջմունքներից, համայնքի սոցիալ-տնտեսական պայմաններից, համայնքի սեփականություն համարվող ենթակառուցվածքների առկայությունից և վիճակից, ինչպես նաև համայնքի այլ առանձնահատկություններից: ՏԻՄ-երի կողմից համայնքի բնակչությանը առաջնահերթ պետք է մատուցվեն օրենքով նրանց վերապահված այն ծառայությունները, որոնց համար առկա են համայնքի սեփականություն համարվող համապատասխան ենթակառուցվածքներ: Դրանց պահպանումը, շահագործումն ու կենսունակության ապահովումը պահանջում է ամենամյա համապատասխան ֆինանսական միջոցների հատկացում: