Սիսիան բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-93-Ն օրենքի համաձայն, Սիսիանի տարածաշրջանի 30 համայնքների միավորման արդյունքում։ Ընդգրկում է 32 բնակավայր (2 քաղաք, 30 գյուղ), որից մեկը համայնքի կենտրոն Սիսիան քաղաքն է։
Մասնակցային բյուջետավորում ծրագիրը իրականացվում է Սիսիան բազմաբնակավայր համայնքի 11 բնակավայրերում: Ծրագրի նախնական շահառոները Աշոտավան, Ույծ, Գետաթաղ, Դարբաս, Նորավան, Սալվարդ, Հացավան, Շաքի, Աղիտու և Տոլորս թվով 10 բնակավայրերն էին, որոնց հետագայում միացավ նաև Տորունիքը:
Ծրագրի նպատակը Սիսիանի համայնքի 11 բնակավայրերի բնակիչների կարողությունների հզորացումն է, որպեսզի բնակիչները կարողանան միասին որոշեն, թե ինչ խնդիրներ պետք է լուծվեն իրենց բնակավայրերում, ինչպես պետք և վեր հանվեն և տեղական իշխանություններին ներկայացվեն մարդկանց հուզող առաջնային պահանջները՝ կիրառելով մասնակցային բյուջետավորման մեթոդը: Այս գործընթացը կնպաստի բարելավել հեռավոր բնակավայրերի բնակիչների ներգրավվածությունը համայնքի որոշումների կայացման գործընթացներում և կամրապնդի բնակիչների և համայնքային իշխանությունների միջև հարաբերությունները:
Ծրագիրը էական ազդեցություն ունի ոչ միայն Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի այլ նաև «Մասնակցային բյուջետավորման» ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերի և մասնակիցների վրա: Որպես առաջնային ազդեցության հիմնական բնութագրիչներ կարելի է առանձնացնել հետևյալ ուղղությունները՝
Ստեղծվել է համագործակցության առանցքային մի հարթակ տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային կյանքից մեկուսացված գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց միջև՝ նոր մակարդակի գործընկերության զարգացման համար: Օրինակ ՝ 2017-ին Սիսիանի համայնքների միավորումից հետո, առաջին անգամ գյուղական բնակավայրերի բնակիչները ներգրավվել են համայնքի 2020 թվականի բյուջեի քննարկումներում (20.11.2019 թ.) և տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում:
Ծրագրի իրականացման ընթացքում համայնքի շահառու բնակավայրերի ներկայացուցիչները ծանոթացել են համայնքի բյուջեին, մասնակցային կառավարման և մասնակցային բյուջետավորման մեթոդներին: 11 բնակավայրերի 11 համայնքային ակտիվ խմբերի 77 անդամները վերապատրաստվել են և ունեն գիտելիքներ բնակավայրերի խնդիրները վերհանելու, դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու և դրանք համայնքային իշծանություններին ներկայացնելու համար:
Վերոնշյալ գործընթացների արդյունքում գյուղական բնակավայրերում մարդիկ աստիճանաբար փոխում են իրենց վերաբերմունքը տեղական խնդիրները լուծելու հարցում: Բնակիչները հասկանում են, որ իրենք պետք է ներգրավված լինեն և ինքնուրույն որոշեն բնակավայրում առկա խնդիրների առաջնահերթությունները, բարձրաձայնեն դրանց մասին և մաս կազմեն այդ խնդիրների լուծման գործընթացին: Համայնքային ակտիվ խմբերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են 33 ծրագրային հայտեր 11 բնակավայրերում առկա խնդիրների վերաբերյալ:
Սիսիանի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները ևս փոխել են նաև իրենց վերաբերմունքը որոշումների կայացման գործընթացներում հասարակության մասնակցության վերաբերյալ: Սիսիանի համայնքապետարանը ոչ միայն որոշեց ֆինանսավորել 10 բնակիչների կողմից առավել մեծ աջակցություն ստացած ծրագրերը այլ նաև պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս կիրառել մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը մյուս բնակավայրերի խնդիրները լուծելու գործընթացում:
Ծրագրի արդյունքում ստեղծված ինստիտուցիոնալ գործիքակազմը և մեխանիզմները կօգնեն շահագրգիռ կողմերին համայնքի բոլոր բնակավայրերում և ինչու ոչ ՀՀ այլ համայնքներում կիրառել մասնակցային բյուջետավորման հաջողված փորձը: Այս նպատակով Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը մշակել հանրայնացրել է մասնակցային բյուջետավորման իրականացման մանրամասն մեթոդաբանությունը և անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը: