Բյուջեն պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ-երին) Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է:
Եթե այլ ձևով սահմանելու լինենք, ապա բյուջեն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծախսերի համապարփակ թվարկումն է` տվյալ բյուջետային տարվա ընթացքում կառավարման մարմինների յուրաքանչյուր գործառույթի գծով: Ընդհանուր առմամբ, բյուջեն պոտենցիալ սպառողների միջև սահմանափակ միջոցների համապարփակ և հետևողական բաշխումն է: Որպես այդպիսին` բյուջեն ՏԻՄ-երի ֆինանսական կառավարման առանցքն է։
Ելնելով այն բանից, որ համայնքի ֆինանսական միջոցները խիստ սահմանափակ են` դրանց բաշխումը պետք է իրականացվի բացառապես ՏԻՄ-երին վերապահված լիազորությունների սահմաններում:
Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, համայնքի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը: Այսինքն, բյուջեն ցանկացած համայնքի ֆինանսական ամենահիմնական փաստաթուղթն է, որտեղ ներկայացված են համայնքի քաղաքականությունը, տարեկան գործունեության պլանավորումը և հսկողությունը: Այն ներառում է տվյալ տարվա համար պլանավորվող ծրագրերը, միջոցառումները, եկամուտների կանխատեսումները և այն ծախսերի նախահաշիվները, որոնք անհրաժեշտ են պլանավորվող ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար:
Սիսիան համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով: