Տնտեսական զարգացումը սահմանող տարբեր ձևակերպումներ կան, որոնց հիմնական բնորոշիչը դա տնտեսության դինամիկ առաջընթացն է, որի շնորհիվ տեղի են ունենում բնակչության կենսապահովման կարողությունների մեծացում` դրանց ընդլայնման, նորացման և բազմազանեցման ճանապարհով: Առավել պարզ ձևակերպմամբ՝ իրականացվում են մարդկանց կենսապայմանների և ապրելակերպի ընդհանուր բարելավումներ, ստեղծվում են մարդկային ներուժի լիարժեք իրացման նպաստավոր նախադրյալներ ու պայմաններ: Տնտեսության զարգացման պատասխանատվությունը բազմաբևեռ է։ Հիմնական բեռը դրված է պետական կառավարման մակարդակի վրա, քանի որ այն տիրապետում է տնտեսության զարգացման էական լծակների՝ օրենսդրական կարգավորում, հարկաբյուջետային և ներդրումային քաղաքականություն, արտաքին առևտրի խթանում, աջակցության բազմաթիվ այլ մեխանիզմներ։
Տնտեսական զարգացման մյուս մակարդակը համայնքն է։ Սա այն անմիջական ազդեցության միջավայրն է, որը էական ազդեցություն ունի ձեռնարկությունների զարգացման ընթացքի, հաջողությունների կամ ձախողումների վրա: Ուստի ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը տեղական տնտեսական զարգացման կարևոր նախադրյալներից է, որտեղ նշանակալի դեր են խաղում ինչպես անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը, այնպես էլ գործարար միջավայրի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը, բիզնես նախաձեռնությունների, նորարական մոտեցումների խրախուսումը և թիրախային աջակցությունը: Առկա սոցիալ-տնտեսական ներուժի հիման վրա համայնքի տնտեսական գրավչության և մրցունակության նոր հնարավորություններ ստեղծելու ՏԻՄ-երի կարողությունը, ձեռքբերված հաջողությունների հանրայնացումը կարող են ակտիվացնել գործարար միջավայրը և համայնքը դարձնել հրապուրիչ ներդրումների համար:
Համայնքի տնտեսական զարգացումը կամ տեղական տնտեսական զարգացումը ընդգրկուն և մասնակցային մի գործընթաց է, որտեղ համայնքները բացահայտում և նախաձեռնում են տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ խնդիրների իրենց սեփական լուծումները՝ հասնելու առողջ, տնտեսապես կենսունակ համայնքների ձևավորմանը: Այս գործընթացում է, որ, տարբեր դերակատարների մասնակցությամբ, համայնքները տնտեսական բազմակողմանի լուծումների միջոցով կարողանում են ապահովել տեղական ռեսուրսների և կարողությունների իրացման հնարավորությունները՝ երկարաժամկետ կտրվածքով մարդկանց կյանքի որակի բարելավման ուղղությամբ:
Այդ դերակատարներն են՝ ՏԻՄ-երը, գործարար հատվածը, ֆինանսական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ները), պետական մարմինները և միջազգային կառույցները, ինչպես նաև այն բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք շատ թե քիչ ազդեցություն ունեն համայնքի տնտեսական կյանքի վրա (օրինակ՝ ԲՈՒՀ-երը, միջին մասնագիտական կրթության հաստատությունները, մեծահասակների կրթության կենտրոնները, արհեստակցական միությունները և այլն)։
Սիսիան համայնքի տնտեսական զարգացման ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով: